Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Իր հուշագրությունը նկարիչը սկսել ու ավարտել էր վերնագրով

Իր հուշագրությունը նկարիչը սկսել ու ավարտել էր վերնագրով
07.06.2019 | 01:28

«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել նկարիչ, պատկերապատող, սցենարիստ ՏԻԳՐԱՆ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ «Zako. Խակ պտուղ» գրաֆիկական նովելը: Պատկերապատման հիմքում նկարիչ Սարգիս Մանգասարյանի (Zako) հուշերն են երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, գերության, դիմանկարների, որոնց համար ստացված հացը համակենտրոնացման ճամբարում չորս տարվա ընթացքում սովամահությունից փրկել էր նրա երեսուն ընկերներին: Իր հուշագրությունը նկարիչը սկսել ու ավարտել էր միայն վերնագրով «Խակ պտուղ»` չգրված գիրքը ընթերցողին հանձնելու պարտականությունը կամա-ակամա թողնելով որդուն` Տիգրան Մանգասարյանին: Պատումի վավերականությունը շեշտելու համար գրքում ներառվել են նաև արխիվային նյութեր, լուսանկարներ, հատվածներ նամակներից և օրագրային գրառումներ:

-Ինչու՞ որոշեցիք պատկերապատման (կոմիքս) ձևաչափով ներկայացնել այս պատմությունը:
-1992 թվականից զբաղվում եմ պատկերապատման արվեստով: Գարեգին Ա. կաթողիկոսի պատվերով, նկարիչներ Վարդան Զաքարյանի և Անահիտ Ղարդյանի հետ արեցինք «Ի խավարե ի լույս» երկհատորյակը` նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Դրանից հետո փոքր գրքեր են եղել: 2003-ին Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված գիրք եղավ՝ Ռուբեն Ծատուրյանի սցենարով: Կոչվում էր «Լռություն»: Այդ գրքի վրա աշխատեցի 2 տարի: Ի դեպ, ասեմ, որ պատկերապատում անելը շատ ավելի դժվար է, քան վեպ գրելը: Օրինակ, «Zako»-ն 80 էջ է, դարձյալ երկու տարի է տևել աշխատանքը: Եթե ես այդ պատմությունը վերածեի գրական վեպի, կլիներ ոչ թե 80, այլ 250-300 էջ, օրական կգրեի 8-10 էջ, իսկ պատկերապատման պարագայում մի էջի վրա սովորաբար ծախսվում է 3-7 օր: Այսինքն, շատ ավելի աշխատատար է, որովհետև գործ ունես կինոյի սխեմայի հետ. սա դրամատուրգիա է: Վատն այն է, որ բառացիորեն մինչև Ավրորա Մարդիգանյանի մասին «Մինչև հոգիների աճուրդը» վեպ-պատկերապատումը, այս բոլոր գրքերը շուկա դուրս չէին գալիս: Դրանք պատվիրում էին ոչ թե հրատարակիչները, այլ ֆոնդերը և բաժանում իրենց հաճախորդներին:
-Այսինքն, ընթերցողի պահանջարկի մասին չենք կարող խոսել, որովհետև ինչպես հարկն է ծանոթ չենք այդ ժանրին:
-Մեր ընթերցողը սովոր չէ նկարով գիրք կարդալուն: Աշխարհի զարգացած երկրներում պատկերապատումները շատ մեծ տարածում ունեն, օրինակ, Ֆրանսիայում ամբողջ գրքային արտադրության 60 տոկոսը պատկերապատումներ են, ընդ որում, դրանցում մանկականը շատ փոքր մաս է կազմում:
-Ինչո՞վ եք բացատրում դա:
-Ավանդույթների հետ է կապված նաև, օրինակ, Ֆրանսիայում պատկերապատման ժանրը 200 տարվա պատմություն ունի, ԱՄՆ-ում լուրջ ֆիգուրատիվ պատկերապատումները տարածում գտան 19-րդ դարի վերջին, երբ թույլ տրվեց դատական նիստերի ժամանակ նկարել: Հետագայում այդ նկարները սկսեցին տպագրվել պարբերականներում, և մեծ հետաքրքություն առաջացրին: Այդպես առաջացան դետեկտիվը, սուպերհերոսները և այլն:
-Պատկերապատումներից ծնվում են անիմացիոն ֆիլմե՞ր:
-Իհարկե, Ֆրանսիայում կան մարդիկ, որ հետազոտում են պատկերապատումները՝ տեսնելու համար, թե դրանցից որն է ավելի հետաքրքիր էկրանավորման համար:
-Փաստորեն, պատկերապատման հեղինակը պետք է և՛ նկարելու ձիրք ունենա, և՛ գրելու:
-Պարտադիր չէ, բայց քանի որ Հայաստանում չկան պատկերապատման սցենարիստներ, նկարիչները ստիպված են իրենք գրելու սցենարը:
-«Zako. Խակ պտուղ» գրքում նշել եք, որ խնդիր ունեիք գտնելու այն դիմանկարներն ու աշխատանքները, որոնք Ձեր հայրն իրականացրել էր համակետրոնացման ճամբարում` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Որտեղի՞ց գտաք նկարները:
-Հայրիկի մահից հետո նրա արխիվից (որը տարբեր տեղերում է՝ Զանգեզուրում գտնվող ամառանոցում, Երևանի մեր տանը) գտա համակենտրոնացման ճամբարից բերված ալբոմ, որի մեջ մոտավորապես 30 դիմանկար կար: Հայրիկն ասում էր, որ գերմանացիները բոլոր գործերը վերցրել են: Ենթադրում եմ, որ այս մի ալբոմը թողել են, որովհետև պատկերված էին ոչ թե գերմանացիներ, այլ նրա ընկերները՝ ռուս, թաթար, վրացի, ամերիկացի, ֆրանսիացի, մարդիկ, որ ճակատագրի բերումով հայտնվել էին համակենտրոնացման ճամբարում:
-Ձեր եղբոր՝ Ռուբեն Մանգասարյանի աշխատանքներից կա՞ն գրքում:
-Երեք լուսանկար: Նկարիչ Ռոբերտի լուսանկարները Ռուբենինն են:
-Պատերազմի դժվարություններից զատ կան հուշեր ընկերության մասին, սիրո: Հետաքրքիր մի դրվագ կա. իտալացի ընկերը նրան է նվիրում իր համար ամենաթանկը՝ սիրած աղջկա լուսանկարը, ու ասում է, որ ինքը միևնույն է շուտով տեսնելու է նրան:
-Պատերազմը իրականում վիճակ է, մենք ինքներս նման վիճակում հայտնվել ենք: Օրինակ, ես հիշում եմ, որ Արցախյան շարժման սկզբում, մի ամբողջ տարի, ոչ մի նկար չեմ նկարել: Առավոտյան 9-ին վեր էինք կենում, գնում հանրահավաքի ու գոռում՝ միացում: Այսինքն, դա ընդամենը վիճակ է, բայց գաղափար չէ: «Խակ պտուղը» բնորոշում է կորուսյալ սերնդի գաղափարը, բայց իրականում հայրիկի սերը դեպի արվեստը, դեպի կյանքն այնքան ուժեղ էր, որ կարողացավ այս ամենի միջով հպարտորեն անցնել: Սա պատմություն է սիրո մասին:
-Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ իր նկարչական տաղանդով փրկել է ընկերների կյանքը:
-Այո, ասեմ, որ սեղմված է պատմությունը: Երկու կարևոր հանգամանք հետագայում նրան փրկում են Սիբիրից: Ամենակարևորը, պարբերաբար գերմանական բանակում ծառայող հայ սպաները ագիտացիա են արել, որ եթե Ռայխի զինվոր դառնա, միանգամից կստանան համազգեստ: Հայրիկը «ոչ» ասողների առաջամարտիկներից էր ու եթե համաձայներ, ընկներից շատերը կհետևեին նրան: Սակայն նրանք չտրվեցին այդ գայթակղությանը: Այդ փաստը և այն, որ 30 հոգու սովամահությունից փրկել էր, օգնեցին, որ նրան չուղարկեն Սիբիր: Բայց նույնիսկ այդ պարագայում, մինչև հայրիկը չնկարեց Լենինի և Ստալինի դիմանկարները Մինսկի հրապարակի համար, փաստաթղթերը չտվեցին, որ տուն վերադառնա: Մեկ տարի նրան պահում էին Բելառուսիայում, նամակագրական կապի իրավունք չուներ: Բոլորը մտածում էին, որ նա մահացել է, միայն մայրիկը չէր հավատում:
-Ընկերների հետ հետագայում հաջողվե՞լ է կապ պահպանել:
-Նամակներ էր ստանում ընկերներից, ես մի առիթով այդ նամակները կհրատարակեմ: Բայց հեռու տեղերում էին բնակվում, և այդպես էլ չհաջողվեց որևէ մեկի հետ հանդիպել, բացի ֆրանսիացի ընկերոջից՝ Դավթից, որը մի քանի անգամ եկավ Հայաստան, վերջին անգամ՝ 87 թվականին, որից հետո 88-ի շարժումը սկսվեց, 91-ին հայրիկը մահացավ:
-«Սաքոն այս աշխարհ եկավ 1917-ին` «Սովետ» կոչվող կայսրության հետ և լքեց այս աշխարհը նրա հետ նույն տարում՝ 1991-ին»: Սովետական բարքերը, գրաքննությունը, երկաթե վարագույրը փակ օղակ էին ստեղծել, չնայած դրան, այդ շրջանում հրաշալի արվեստագետներ ենք ունեցել:
-Այո, նույնիսկ Արամ Խաչատրյան ու Շոստակովիչ: Բացատրությունը շատ պարզ է. հենց այսպիսի ժամանակներում արվեստը ծաղկում է: Բայց պատկերացրեք, նկարիչը ոչ մի հնարավորություն չունի տեսնելու՝ մարդիկ ինչ են անում աշխարհում: Միայն 1961-ին` ստալինյան ռեժիմի փլուզումից հետո, նրանք մասնակցեցին Պիկասոյի ցուցահանդեսին (այն էլ, որովհետև Պիկասոն կոմունիստական հայացքներ ուներ): Ցուցադրում էին Պիկասոյի ոչ թե աբստրակտ, այլ կիսառեալիստական գործերը, ու նույնիսկ սա շոկ էր առաջացրել նկարիչների մոտ: Նրանք չէին պատկերացնում, որ այդպիսի ազատություն կարող է լինել ու այդպիսի գեղեցկություն:
-«Հարյուրավոր դիմանկարներ, որ ես արեցի ռազմագերիների ճամբարներում, հետագայում ինձ դիմանկարիչ դարձրին»: Պարտադրված նկարչությունը դարձավ ճակատագի՞ր:
- Նա ավարտել էր Կրասնոդարի նկարչական քոլեջը, որտեղից անմիջապես բանակ էր զորակոչվել: Քոլեջում նկարում էին ամեն ինչ, հիմնականում՝ ֆիգուրատիվ նկարներ: Բնական է, որ քոլեջում չի որոշել դիմանկարիչ դառնալ: Սակայն պատերազմի տարիներին չորս տարի շարունակ հարյուրներով դիմանկարներ է նկարել:
-Եվ հետագայում էլ շարունակել է նկարել:
-Այո, նրա արվեստանոցի պատից կախված է մոտ 70 նկար, որոնցից երկուսն են բնանկար, մնացածը դիմանկար են:
-Սարգիս Մանգասարյանի գեղանկարչական աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում: Ի՞նչ է արվելու հանրահռչակելու համար նրա արվեստն ու կյանքի պատմությունը: Կարծում եմ՝ գրաֆիկական այս գրքի տպագրությունը միայն սկիզբն է:
-Ես ուզում եմ այս գրքով, ապագայում ևս, ներկայացնել նրան ոչ որպես հայ նկարչի, այլ Խորհրդային Միության նկարչի: Նա ներկայացնում էր քաղաքական էպոխա: Պատկերացրեք գերմանացի նկարիչ, որ նկարել է Հիտլերի ժամանակ, ինչ հետաքրքրություն կառաջացնի: Ընդ որում Հիտլերի ժամանակաշրջանի արվեստը շատ նման է Ստալինի ժամանակաշրջանի արվեստին, ու դա հիմա շատ մեծ արժեք ունի:
Գիրքը նկարել ու գրել եմ Ֆրանսիայում՝ միջազգային պատկերապատման կենտրոնում՝ պրոֆեսիոնալների տանը: Գրել եմ անգլերեն, թարգմանել հայերեն: Արդեն կա ռուսերեն թարգմանությունը, նպատակ կա թարգմանելու հոլանդերեն: Գրքով հետաքրքրված են և ցանկություն են հայտնել հրատարակելու Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում: ՈՒրախ կլինեի, որ գիրքը առաջինը լույս տեսնի Գերմանիայում և Ռուսաստանում, կարծում եմ, հայրիկս էլ շատ ուրախ կլիներ դրա համար: Վստահ եմ, որ «Zako»-ն բոլոր այդ երկրներում կսկսի պարբերաբար հրատարակվել: Երբ աշխատում էի գրքի վրա, այդ ժամանակ արդեն Փարիզում առաջարկ եղավ բացելու հայրիկի ցուցահանդեսը՝ Պիկասոյի լուսանկարային պատճենների հետ, ինչպես գրքում է: Հետաքրքիր գաղափար է, բայց, կարծում եմ, դրա ժամանակը կգա, երբ Ֆրանսիայում հրատարակվի գիրքը:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ